Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր`
Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,
Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,
Մեռնում էր, աչքը` ջըրի երազին:
Քնքուշ պարիկը տեսավ դալկահար
Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.
-Տո՛ւր ինձ այն, ինչ որ թանկ է քեզ համար,
Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:
Մեռնող աղավնին խորհում էր ինքնին.
«Էն թանկագինը` կյանքն է, անպատճառ,
Ախ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին»:
-Էհ, լավ, թո՛ղ լինի, տո՛ւր և նորից առ:
Պարիկը ցողեր սրսկեց վերքին
Աղավնին բացեց աչքերը ոսկի,
Ու թևին տալով ծափեց խնդագին.
-Ե՞րբ կուզես կյանքըս, նազելի ոգի:
-Թևերըդ կուզեմ, կյանքըդ քեզ լինի:
-Թևերը՞ս … ինչպե՞ս, ոհ, երբե՛ք, երբե՛ք.
Առանց թռիչքի կյանքը գին չունի.
Կյանքըս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:
-Թռի՛ր, սիրելի՛ս, ազատ ու վայրի,
Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին,
Թե ինչն է թանկը կյանքից ավելի,-
Ասաց ջրերի լուսեղեն ոգին:
Հարցեր և առաջադրանքներ՝
Բառային աշխատանք
1.Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները՝ վիրավոր, մեռնել, քնքուշ, տալ, թանկ, բացել, երբեք:
Վիրավոր-առողջ, մեռնել-ապրել, քնքուշ-կոպիտ, տալ-վերցնել, թանկ-էժան, բացել-փակել, երբեք-միշտ։
2.Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ բոսոր, դալկահար, թանկագին, ծաղրել, նազելի: Բոսոր-ալ կարմիր, դալկահար-գունատ, թանկագին-թանկարժեք, ծաղրել-հեգնել, նազելի-նուրբ։
3. Տեքստից դո՛ւրս գրիր քեզ համար հինգ հետաքրքիր բառ և դրանցով կազմիր նախադասություններ:
Վիրավոր, բոսոր, աղավնի, թանկագին, ցող։
Վիրավոր զինվորը նռռում էր ցավից։
Դաշտը ամբողջովին բոսոր էր դարձել պատերազմից ետո։
Աղավնին ճախրում էր կապույտ երկնքում։
Աշխարհում ինձ համար մայրս է թանկագին։
Առավոտյան ցողը զարդարել էր այգին։
Տեքստային աշխատանք՝
- Եթե դու լինեիր աղավնու փոխարեն, թևերդ կտայի՞ր աղբյուրի ոգուն: Ոչ։
- Ի՞նչն է կյանքում քեզ համար ամենակարևորը: Իմ ընտանիքը։
- Առակը պատմիր աղավնու անունից: Աղավնին ուզում էր ապրել, բայց վիրավոր ու մենակ էր, նրան օգնեց աղբյուրը։ Եվ քանի որ նա ուներ թևեր, աղբյուրը նրան կյանք շնորհեց և ասաց, որ աշխարհին պատմի, թե ինչն է թանկը կյանքից ավելի։
- Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ խտանում է հեղինակի ասելիքը:
—Թռի՛ր, սիրելի՛ս, ազատ ու վայրի,
Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին,
Թե ինչն է թանկը կյանքից ավելի,-
Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

