ՄԱՅՐՑԱՄԱՔՆԵՐ
Опубликовано 11 августа, 2018 автором Իվետա Ջանազյան


Եկեք դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ: Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք:Ամենամեծը Եվրասիան է,որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը:Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:
Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:
Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:
Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:
Ուշադիր նայեք նկարին և պարզ կտեսնեք, թե ինչպես է այն բաժանվել առանձին ցամաքաբեկորների:
- Փորձեք աշխարհի քարտեզի վրա գտնել և ցույց տալ մայրցամաքները:
- Կարո՞ղ եք գտնել Հայաստանի տեղը:
- Գտեք, թե որ երկրներն են Հայաստանի անմիջական հարևանները: Թվարկեք դրանք՝ մայրաքաղաքներով:
Խմբայն աշխատանք
Երկրագնդի վրա շուրջ 2 հազար տարբեր ժողովուրդներ են ապրում, որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբեր վարք ու բարք և սովորույթներ ունեն: Պատկերացրե ք, թե Երկրի վրա բոլորը ամեն ինչ միանման են: Լա՞վ կլինի, թե՞ վատ: Աշխատեք խմբերով ե փորձեք մտածել
ա) Ինչո՞վ լավ կլիներ, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ:
բ) Ինչո՞վ լավ չէր լինի, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ: Ներկայացրեք դասարանին և քննարկեք:
Լրացուցիչ — տեսանյութ՝ մայրցամաքներ և օվկիանոսներ